Պաշտոնական

Արա Բաբլոյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 3-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Ռիչարդ Միլսի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-ամերիկյան բարեկամությունն ու սերտ համագործակցությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նաեւ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին եւ ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապես նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով Արա Բաբլոյանին դեսպանություն այցի կապակցությամբ` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է. «Մեր երկու երկրների միջեւ ամուր հարաբերություններ են, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների վրա, եւ ես գիտեմ, որ կապերն հասնում են մինչեւ ԱՄՆ կոնգրեսականները, ովքեր սերտ կապեր ունեն Ձեր Ազգային ժողովի շատ պատգամավորների հետ: Պատիվ է այսօր Ձեզ այստեղ ընդունել ամերիկյան ժողովրդի անունից, իսկ երեկոյան մենք կնշենք մեր Անկախության տոնը Հայաստանի ժողովրդի հետ միասին»:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանն ընդգծել է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառուցողական փոփոխությունների կարեւորությունը, ինչպես նաեւ այդ համատեքստում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` ազատ եւ արդար միջավայրում անցկացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանի հետ զրույցում Արա Բաբլոյանը նաեւ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի, կենդանի ուժի կուտակումների հետ կապված: ԱԺ նախագահը շեշտել է, որ իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական կողմի ցանկացած փորձ լրջագույն վտանգ է դառնալու տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում