Առնո Բաբաջանյանի մոմե արձանն ու անձնական հավաքածուի ցուցանմուշները ցուցադրվեցին Ազգային ժողովում
2 րոպեի ընթերցում
![Առնո Բաբաջանյանի մոմե արձանն ու անձնական հավաքածուի ցուցանմուշները ցուցադրվեցին Ազգային ժողովում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/939714.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մոմե արձանն ու անձնական հավաքածուի մաս կազմող լուսանկարների ցուցանմուշները մեկ օրով զարդարել էին Ազգային ժողովի նախասրահներից մեկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էր կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, ում խոսքով՝ իր համար մեծ պատիվ ու հպարտություն է նման միջոցառման անցկացումը հայրենի երկրի խորհրդարանում: «Ինձ համար մեծ պատիվ է, մեծ ուրախություն, որ մենք այսօր այս ցուցահանդեսին մասնակցում ենք Հայաստանի խորհրդարանում: Ինձ համար մեծ պատիվ է, որովհետև հայրս շատ էր սիրում իր հայրենիքը, Հայաստանը, հայ ժողովրդին ու, մանավանդ, Երևանը, որտեղ ծնվել է»,-ասաց Արա Բաբաջանյանը:
Կոմպոզիտորի որդին հիշում է՝ երբ իր հայրիկին լրագրողները հարցնում էին՝ որտե՞ղ եք բնակվում, նա պատասխանում էր. «Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Հայաստանում»: Դրա համար այսօր ինձ համար մեծ տոն է, որ այս ցուցահանդեսն այստեղ է անցնում»,-ընդգծեց մեծանուն հայի որդին։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղիտնօրեն Գագիկ Մանասյանն էլ նկատեց, որ մոմե արձանը, որը շատերին է զարմացրել իր բնականությամբ, ԱԺ ցուցահանդեսի ավարտից հետո կտեղափոխվի կոմպոզիտորի անունը կրող համերգասրահ, որտեղ ամեն օր աշխատանքային ժամերին կհնչի Բաբաջանյանի երաժշտությունը: «Այդպիսով, յուրօրինակ մշակութային դաշտ կստեղծվի՝ Առնո Բաբաջանյանի ներկայությունն ու մեղմ հնչող երաժշտությունը»,-ասաց Գագիկ Մանասյանը:
«Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Երևանում Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում նախատեսվում է բացել նրա թանգարանը, որտեղ էլ կտեղափոխվեն ցուցանմուշները։
Գագիկ Մանասյանը տեղեկացրեց նաև, որ 2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտորի 100-ամյակը, որին ընդառաջ էլ մի շարք միջոցառումներ են անցկացվում Հայաստանում ու Ռուսաստանում: