Մշակույթ

«Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնին հետաքրքիր ցուցահանդեսներ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնին հետաքրքիր ցուցահանդեսներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կիրականացվեն «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ազդագրերի, կինոփառատոնի ազդագրերը ներկայացնող, ցուցադրվող ֆիլմերի պաստառների, «Փխրուն» խմբակային միջազգային ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ:

Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին հատուկ ծրագրերի համակարգող Վահագն Խաչատրյանն ու ցուցահանդեսների համադրող Թերեզա Դավթյանը:

«Կարծում ենք` շատ կարևոր է խոսել Հայաստանում և ամբողջ աշխարհում առկա մարտահրավերների, խնդիրների մասին վիդեոարտի, ինստալյացիայի, փերֆորմանսի միջոցով: «Փխրուն» ծրագրի շրջանակում կներկայացնենք Չինաստանից, Իսպանիայից, Նորվեգիայից և այլ երկրներից երեսուն արվեստագետի ստեղծագործություններ: Ծրագիրը կիրականացվի հուլիսի 8-15-ը Կինեմատոգրաֆիստների միությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Խաչատրյանը:

Դավթյանի խոսքով` «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվեն փառատոնի ինչպես հին, այնպես էլ նոր պաստառները: Ցուցահանդեսներ կլինեն նաև Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունում, Միրզոյան գրադարանում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում իրականացվող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին: «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում