Մշակույթ

«Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունները հարուստ կլինեն անակնկալներով

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունները հարուստ կլինեն անակնկալներով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման և փակման հանդիսավոր արարողություններն առաջին անգամ կանցկացվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս կարևոր հանգամանքը հնարավորություն կտա ավելի մեծ թվով արվեստասերների հյուրընկալել այդ կարևոր արարողություններին:

Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունների ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

«Հուլիսի 8-ին` փառատոնի բացմանը, կփակվի Ֆրանսիայի հրապարակի մի մասը, կլինի կարմիր գորգ: Հյուրերը համերգասրահ կմտնեն «Գողթ» խմբի երաժշտական կատարումների ներքո: Դահլիճում արվեստասերները կհայտնվեն կինոյի աշխարհում: Երաժշտական մասը կապահովի «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Ծրագրի առաջին մասը կվարեն Վիգեն Չալդրանյանն ու Հասմիկ Պապյանը, իսկ երկրորդ մասը` երիտասարդ կինոգործիչները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մովսիսյանը և հավելեց, որ 15 տարի շարունակ կինոփառատոնը Երևանն ավելի է գեղեցկացնում, հարստացնում և մեծացնում կինոյի սիրահարների թիվը:

Անդրադառնալով փակման արարողությանը` նա շեշտեց, որ այն տեղի կունենա հուլիսի 15-ին: Այդ օրը կհայտարարվեն մրցանակակիրների անունները. խոսքի տարափը կգերազանցի երաժշտությանը:

Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու հիշատակներին՝ ռեժիսորների 80-ամյակների կապակցությամբ: Ավանդույթի համաձայն` Շառլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին: «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում