Տարածաշրջանային

ԱՄՆ պետդեպը հորդորել է քաղաքացիներին նախազգուշանալ Թուրքիայում ահաբեկչության վտանգից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպը հորդորել է քաղաքացիներին նախազգուշանալ Թուրքիայում ահաբեկչության վտանգից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է հրապարակել Թուրքիա այցելել ցանկացող ԱՄՆ քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետդեպ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի որոշ հատվածներում մեծացել է ահաբեկչության վտանգը:

Մասնավորապես, ԱՄՆ-ից հորդորել են քաղաքացիներին չայցելել Թուրքիայի հարավ-արևմտյան, Սիրիայի հետ սահմանակից հատվածներ, որտեղ կա ահաբեկչության մեծ վտանգ: «Ահաբեկչական խմբավորումները մտադրված կերպով թիրախավորում են Արևմտյան երկրներից այցելող զբոսաշրջիկներին: Նրանք կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային տեղանքների, տրանսպորտային հանգույցների, առևտրի կենտրոնների, ժամանցային վայրերի վրա»,- ասվում է պետդեպ հայտարարության մեջ՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի արտակարգ ծառայություններ մատուցել Թուրքիայի հարավ-արևելք ճամփորդող իր քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել իր աշխատակիցների՝ այդ շրջաններ այցելելու գործում:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պայմաններում անվտանգության ուժերը բերման են ենթարկել տասնյակ հազարավոր անհատների, այդ թվում և ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություններ ունենալու մեջ, ինչը, ամերիկյան կողմի գնահատմամբ, շատ հաճախ քաղաքական շարժառիթների ունի:

Պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիա այցելել պատրաստվող քաղաքացիներին զգուշ լինել հայտնի զբոսաշրջային վայրերում գտնվելուց, խուսափել ցույցերին մասնակցելուց, հետևել տեղական մեդիային ու պետդեպ հրապարակումներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում