Հասարակական

Արայիկ Հարությունյանը կարևորել է Ճապոնիայի հետ համագործակցությունը  հանրակրթության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը կարևորել է Ճապոնիայի հետ համագործակցությունը  հանրակրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը կարևորել է կրթության համակարգում հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նա ընդգծել է, որ նոր կառավարության կողմից գերակա ճանաչված կրթության ոլորտում ճապոնիայի հետ փոխգործակցության շրջանակում ծրագրերի և կուտակված փորձի փոխանակման լայն հնարավորություններ են բացվում: Ներկայացնելով ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, մասնավորապես՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության, «կանաչ դպրոցների» ուղղությամբ:

Իր հերթին դեսպան Յամադան շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ, կներդնի հնարավոր բոլոր ջանքերը կրթության և գիտության ոլորտներում հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, ինչպես նաև բնագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում