Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական խոսք է հղել ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական խոսք է հղել ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ. «Վեհափառ Տեր, Հարգելի հայրենակիցներ, Հարգարժան հյուրեր, Շնորհավորում եմ բոլոր ներկաներին եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։ Պետականության վերականգնումը պատմական բացառիկ իրադարձություն էր հայության կյանքում։ Ազատ, ժողովրդավարական ու ծաղկուն երկիր կառուցելու մեր ժողովրդի կամքն արտահայտվեց անկախության հանրաքվեի ժամանակ: Այն իր զարգացումն ապրեց հետագա տասնվեց տարիների ընթացքում, եւ այս ճանապարհին պատվով հաղթահարվեցին բազմաթիվ փորձություններ։ Ներկայիս Հայաստանը կայուն զարգացման փուլում է: Կարելի է վստահությամբ ասել, որ տնտեսությունն սրընթաց վերելք է ապրում. ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, զգալիորեն աճում են ազգաբնակչության եկամուտները, նվազում է աղքատությունը, բարելավվում է կյանքի որակը, վերադառնում են մեր հազարավոր քաղաքացիները, որոնք լքել էին երկիրը` իրենց գոյատեւումն ապահովելու նպատակով ձեւավորվում է միջին խավ: Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ` հասկանալով, որ դեռ շատ անելիքներ կան, ներուժը մեծ է եւ մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի: Մենք պարտավոր ենք կրկնապատկել ժամանակակից եւ արդյունավետ պետականության կառուցմանն ուղղված մեր ջանքերը: Դրա համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները` խորացնելով դրանց սոցիալական ուղղվածությունը: Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը, քանի որ միայն լիարժեք պետականությունն է կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները ցուցադրեցին ժողովրդի հավաքական մղումը դեպի անկախություն, հավատն իրենց պետականության հանդեպ եւ այն պաշտպանելու կամքը: Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ցուցադրեցին իրականացվող քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը։ Համոզված եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները եւ՛ս կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ բարձր վստահության մթնոլորտում։ Ընտրված քաղաքական ուղեգծի հետեւողական շարունակումը Հայաստանի կայունության եւ առաջընթացի կարեւոր գրավականն է: Հարգելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանը պաշտպանված է՝ շնորհիվ մեր Զինված ուժերի։ Այս տոնական օրը մեր պարտքն է արժանին մատուցել ընկած հերոսներին։ Նրանց ջանքերի եւ կյանքի գնով է, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է խաղաղության մեջ: Մեր հուսալի բանակը հպարտություն է ներշնչում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տասնվեցերորդ տարեդարձի առթիվ։ Համայն հայության հայրենիքը թեւակոխում է զարգացման նոր փուլ՝ իր առջեւ դնելով ավելի հավակնոտ նպատակներ։ Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք հասնելու ենք նաեւ այդ նպատակներին եւ սերունդներին ենք ավանդելու ամուր եւ բարեկեցիկ երկիրե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում