Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով
1 րոպեի ընթերցում
![Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/938197.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովը ստեղծվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով:
Հանձնաժողովի նախագահն է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: