ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը: Մինչ այդ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը գրությամբ իրեն տեղյակ է պահել այն մասին, որ հրաժարվում է մասնակցել միջնորդագրի քննարկմանը:

Արթուր Դավթյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռքբերելու և պահելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են 26 նռնակ, 19 հակատանկային ականանետ, տրոիլային 12 պայթաղյուս, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:

Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված 2 հազար 67 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, 33 հատ ձեթ, 9 պարկ և 60 տուփ մակարոն, 14 տուփ թեյ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղերի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:

«Նամակների բովանդակությունը վկայում է այն մասին, որ աշակերտներն իրենց զորակցությունն են հայտնում ապրիլյան պատերազմին սահմանին կանգնած զինվորին: Հարկ եմ համարում ընթերցել դրանցից մեկը: Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի աշակերտն է գրել՝ սիրելի զինվոր, ես հավատում եմ քո արիությանն ու տոկունությանը, ևս մի քանի տարի և ես կկանգնեմ քո տեղը և կշարունակեմ քո գործը: Ես հավատում եմ, որ դու ամուր կպահես մեր երկրի սահմանները, պատվով կկատարես հայրենիքիդ առջև պարտքը: Հավատում եմ քեզ ու աղոթում եմ մեր հայրենիքի ու քեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց գլխավոր դատախազը:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է Արմեն Հակոբյանին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է: Շուրջ երեսուն րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն:

Դատախազը տեղեկացրեց, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է, ապահովվել են նրա բոլոր դատավարական իրավունքները:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաև զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը հատկացված այս գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ Նազիկ Ամիրյանի, դստեր Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոնշյալից՝ գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Խուզարկության ընթացքում Արշալույս գյուղի հանգստյան տուն, 28 հասցեից առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորի հանգստյան տանը հայտնաբերվել է սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Հայերեն English Русский

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին