Նման արարքն արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի տարածքների խուզարկության ԱԱԾ տեսանյութի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով հրապարակված տեսանյութին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ այդ տեսանյութը դիտելուց հետո խորը վրդովմունք է ապրել: «Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դրան արդարացում չկա՝ ուզում է` ես անեմ, ուզում է իմ տղան անի, ով ուզում է անի: Որևէ մեկը չպետք է միջամտի իրավապահների գործողություններին: Պիտի հնարավորություն տրվի, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով ամբողջական քննություն իրականացնեն: Ես իմ երեխայի աչքերի մեջ չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքն արդարացվի: Չեմ ցանկանում հիմա որակում տալ, բայց եթե պարզվի, որ այն, ինչ ԱԱԾ-ն հայտարարել է, այն, ինչ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, ճիշտ է, ու պարզվի, որ այդ ամենի հեղինակը նշված անձն է, դրան արդարացում չկա: Առհասարակ արդարացում չկա պետական բյուջեից փող գողանալուն, բայց զինվորից… Չեմ ցանկանում ավելի բաներ խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Հարցին՝ կողմ քվեարկելո՞ւ է Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությանը, Շարմազանովը պատասխանեց, որ ինքը հունիսի 19-ին երկրից մեկնում է: «Ես վաղը մեկնում եմ երկրից: Ես հիմա այդ մասին չեմ ցանկանում խոսել: Ես արարքի մասին եմ խոսում: Մենք այս պահի դրությամբ դատախազությունից որևէ միջնորդություն չենք ստացել: Այս պահին Ազգային ժողովում նման փաստաթուղթ չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նաև նշեց, որ շուտով կլինի նաև ՀՀԿ գնահատականը, որը իր անձնական գնահատականից շատ չի տարբերվելու: «Ես այս ամբիոնից բազմաթիվ անգամ խոսել եմ, անդրադարձել եմ բանակից գողության խնդրին, ինչ ասել եմ՝ ուժի մեջ է: Այս արարքին գնահատական պիտի տրվի: Եթե ամեն ինչ հաստատվի, Արմեն Աշոտյանն անձնական ողբերգություն է ապրելու, ինչպես ինքն է ասել, ես՝ անձնական հիասթափություն»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ զինվորի հացը գողացողը ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք, Շարմազանովը պատասխանեց. «Ազգի դավաճան»:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որումմանրամասներ էր հայտնումԱզգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Հայերեն English Русский

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են