Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը հարցաքննությունը կկայանա մոտ օրերին, արդեն նշանակված օր ու ժամ կա

3 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը հարցաքննությունը կկայանա մոտ օրերին, արդեն նշանակված օր ու ժամ կա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կհարցաքննվի մոտ օրերս: Արդեն կա նշանակված ժամ և օր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ չցանկանալով, սակայն, քննության ընթացքից այլ տեղեկություններ հայտնել: «Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելն այս պահին տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը: Ինչ վերաբերում է պարոն Օհանյանին ծանուցում ուղարկելուն, ապա այն ուղարկվել է հունիսի 12-ին, պարոն Օհանյանը հունիսի 13-ին հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Հնարավոր է, որ հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը հունիսի 13-ին նա ստացած չլինի: Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մի կազմակերպության գործունեության առնչությամբ, որի հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան: Եվ քանի որ դա եղել է Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ըստ Անանյանի, բնականաբար, նա ևս կանչվել է հարցաքննության: «Սովորական գործողություն է քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի»,-հավելեց Դավիթ Անանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում