Պաշտոնական

Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարեւորել է խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ հավատարիմ է որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը խնդիրների կարգավորումն էր խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել եւ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին եւ ընդունելի լինեն հանրության կողմից»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:

Դեսպանը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական գործընթացների կարգավորման հանգուցալուծումը իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման մթնոլորտում:

«Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարեւոր դեր ունենալ եւ Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, համագործակցության հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում