Պաշտոնական

Արա Բաբլոյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Օնտարիոյի խորհրդարանի անդամ ընտրված Արիս Պապիկյանին

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Օնտարիոյի խորհրդարանի անդամ ընտրված Արիս Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Հարգելի պարոն Պապիկյան,

ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ:

Այս ուրախալի լուրը Հայաստանում ընդունեցինք որպես Կանադայի բարօրության համար ծավալած Ձեր մասնագիտական եւ հասարակական գործունեության, ինչպես նաեւ երկրի հայ համայնքի կյանքին տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցության գնահատություն: Համոզված եմ, որ ընտրողների արտահայտած դիրքորոշումը նաեւ Հայ դատի՝ Տորոնտոյի գրասենյակի ղեկավարման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով Կանադայի իշխանությունների հետ Ձեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արտացոլումն է:

Կանադան հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին եւ երկրորդ տուն ու հայրենիք դարձավ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գաղթականների համար՝ հետագայում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ուստի լիահույս ենք, որ առաջիկա տարիներին Ձեր օրինաստեղծ աշխատանքը կդառնա հայ ժողովրդի յուրօրինակ շնորհակալությունն Օնտարիո նահանգին եւ Կանադային:

Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան բարեկամ եւ գործընկեր պետություններ են, ինչը դրսեւորվում է ամենատարբեր հարթակներում ու ձեւաչափերում սերտ համագործակցության տեսքով: Եվ բնական է, որ Ձեր խորհրդարանական գործունեությունն առաջին հերթին պիտի իր նպաստը բերի Ձեր երկու հայրենիքների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը:

Սիրելի պարոն Պապիկյան, մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն Օնտարիո նահանգի խորհրդարանում եւ նույնքան եռանդուն աշխատանք՝ ի շահ Կանադայի հայ համայնքի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում