Արա Բաբլոյանն ընդունել է լեհ խորհրդարանականների պատվիրակությանը
3 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանն ընդունել է լեհ խորհրդարանականների պատվիրակությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/936998.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Արա Բաբլոյանը, ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում, վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:
Խորհրդարանի ղեկավարն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության առավել սերտացումն ու աշխուժացումը:
Կարեւորելով նման փոխայցերն ու շփումները` Արա Բաբլոյանը ջերմությամբ է հիշել նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան, որի շրջանակում մասնակցել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաեւ հայ համայնքի ձեւավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ազգային ժողովի նախագահը, կարեւորելով Լեհաստանի Սեյմի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, հույս է հայտնել, որ Լեհաստանի Սենատը եւս չի ուշացնի փաստաթղթի վավերացումը:
Խոսելով Լեհաստանում հայ համայնքի դերակատարության մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ հայերն իրենց նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ արժանացել են Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին եւ ուրույն ներդրում ունեն հայ-լեհական կապերում:
Լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավարը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության առավել խորացումն ու ընդլայնումը: Ըստ նրա՝ դեռեւս առկա է չօգտագործված զգալի ներուժ, հատկապես տնտեսական բնագավառում: Թադեուժ Վոժնիակն ընդգծել է լեհերի համակրանքն ու ջերմ վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ:
Պատգամավորական խմբի ղեկավարը նշել է, որ տպավորված են Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով. «Կատարվածը ցավալի է եւ ողբերգական: Հուսով եմ, որ պետությունների ղեկավարներն ամեն ինչ կանեն հետագայում նման ոճրագործությունները կանխարգելելու համար»,- ասել է լեհ խորհրդարանականը:
Թադեուժ Վոժնիակը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման հեռանկարներին եւ հնարավորություններին, Հայաստանին աջակցելու եւ իր երկրի փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել: