Գործերս ավելի շատ հնչում են արտասահմանում. կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի «Նորամուտ»-ը 

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորամուտ»-ի հերոս այս կոմպոզիտորի գործերը հաճախ են կատարվում արտերկրում: Նա համագործակցում է այնպիսի անսամբլների հետ, ինչպիսիք են «Sinfonia Toronto» նվագախումբը (Կանադա), «New Trombone Collective» օկտետը (Հոլանդիա), «Թերոիր» դաշնամուրային տրիոն (ԱՄՆ), «Սոֆիա» երգչախումբը (Ուկրաինա), ինչպես նաև բազում մենակատարների հետ: Մի շարք միջազգային և հանրապետական մրցանակների դափնեկիր 30-ամյա Ժիրայր Շահրիմանյանը «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծում պատմում է երաժշտական գործունեության, արտասահմանյան կոլեկտիվների հետ համագործակցության, ժանակակակից հայ երաժշտարվեստի խնդիրների և իր առաջիկա ծրագրերի մասին:

Երաժշտական ընտանիք

Երաժիշտների ընտանիքից եմ, մայրս ջութակի ուսուցիչ է, հայրս՝ կիթառի: Մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: 12-13 տարեկանում որոշեցի երաժիշտ դառնալ: Մինչ այդ երաժշտական դպրոց էի գնում՝ դաշնամուրի: Մի քանի նախասիրություն ունեի, հաղթեց երաժշտությունը: Ստեղծագործելու փորձերից հետո հասկացա, որ հենց սա է իմ աշխարհը, իմ հետաքրքրությունը: Մինչ այսօր իմ հետաքրքրությունը պահպանվում է:

Ինձ համար դաշնամուրը որպես գործիք ծնողներս են ընտրել: Շատ շնորհակալ եմ նրանց, որովհետև կոմպոզիտորի համար ամենաճիշտ գործիքն է: Կոմպոզիտորների մեծ մասը դաշնակահարներ են եղել: Երբեմն երգիչների, տարբեր գործիքներ նվագողների հետ հանդես եմ գալիս իմ ստեղծագործությունների կատարմամբ: Դաշնակահարի ուղին չշարունակեցի՝ մտածելով, որ հաջողության հասնելու համար պետք է մեկ ուղղությամբ խորանալ:

Շահրիմանյան ազգանվան մասին

Անգլերեն Վիքիպեդիայում մեր ազգանվան հետ կապված հոդված կա, ուղղակի տառերն այլ կերպ են դասավորված: Շահրիմանյանների գերդաստանը շատ հին է, բավականին հզոր: Մեր արմատները 16-րդ դարից սկսած Երևանում են: Տոհմում եղել են հայտնի վաճառականներ, մեծահարուստներ: Հիմնականում մեր տոհմի նվիրատվությամբ է ստեղծվել Սուրբ Ղազար կղզու Լազարյան ճեմարանը: Այնտեղ կա մեր ազգանվամբ փողոց: Բոլոր փաստաթղթերն էլ պահպանված են: Գերդաստանում եղել են նաև գիտնականներ, մտավորականներ: Այդպես գերդաստանը հասել է 20-րդ դար: Իմ մեծ պապիկը ևս Երևանում հայտնի մանկավարժ է եղել: Այն քիչ տոհմերից է, որ մոտ 500 տարի բնիկ երևանցիներ են: Եթե Շահրիմանյաններ կան, ապա մեր ազգականներն են:

Արտասահմանյան կոլեկտիվների հետ համագործակցություն

Հիմա շատ հեշտ է այլ երկրների ստեղծագործողների հետ համագործակցել, որովհետև կա համացանց, արվեստագետներն իրենց շփումները դրա շնորհիվ ավելի ինտենսիվ են դարձրել: Առաջին համագործակցությունս եղավ Նյու Յորքի «Մինիատյուրիստ» անսամբլի հետ, որը կատարեց իմ ստեղծագործություններից մեկը: Ես այդ ժամանակ դեռ Կոնսերվատորիայի ուսանող էի, և առաջին անգամ իմ գործը հնչեց արտերկրում: Կամաց-կամաց կապերս ընդարձակվեցին, սկսեցի համագործակցել նվագախմբերի, երգչախմբերի հետ: Քանի որ նոտաներս թվայնացված են, համացանցով ուղարկում եմ տարբեր կոլեկտիվների, երաժիշտների, եթե ցանկություն լինում է համագործակցելու, համագործակցում ենք: Ավելի շատ գործերս հնչում են արտասահմանում, քան Հայաստանում, բնական է, որովհետև այնտեղ հնարավորություններն ավելի մեծ են:

Ժանակակակից հայ երաժշտարվեստի թիվ մեկ խնդիրը

Հայաստանյան դաշտում խնդիր կա, և դա բացարձակ անձնական խնդիր չէ: Մեր պետական կոլեկտիվները՝ նվագախմբերը, երգչախմբերը, որոնք պետությունից ստացվող աշխատավարձով են աշխատում, վերջին 15-20 տարիներին համակարգված կերպով հայ երաժշտություն չեն կատարում: Լավ կլինի, որ նվագախմբերի երկացանկում 30-40 տոկոսը հայ երաժշտություն լինի, դրան զուգահեռ՝ համաշխարհային դասական երաժշտություն: Մեկը մյուսին պետք է լրացնի և չճնշի: Մեր նվագախմբերի, երգչախմբերի մեծ մասն իր վրա հայ երաժշտություն կատարելու ֆունկցիան չի վերցնում: Քանի որ մենք՝ երիտասարդներս հեղափոխություն արեցինք, և ես էլ ակտիվ մասնակից էի, հուսով եմ, որ այդ հարցում էլ վերանայում կարվի: Ես էլ հետամուտ կլինեմ դրան:

Մի բան է, որ մի հեղինակ անձնական կապեր է ունենում, և ինչ-որ անսամբլ կատարում է իր ստեղծագործությունը, մեկ այլ բան է, երբ դա լինում է համակարգված, ինչպես եվրոպական և ամերիկյան երկրներում է: Բոլորովին պետք չէ համատարած կատարել այն, ինչ գրվել է: Բայց պետք է կատարվեն

այն կոմպոզիտորների գործերը, ովքեր հասել են որոշակի հաջողությունների, հնչում են երկրից դուրս: Ճիշտ է, որ նրանց գործերն էլ կատարեն, և հայ կոմպոզիտորների գործերի կատարումը ներառված լինի նվագախմբերի տարեկան ծրագրերում:

Կոմպոզիտորների միության նորաստեղծ նվագախմբի մասին

Հոյակապ գաղափար է, Աստված տա՝ ստացվի: Իհարկե, դժվարությունների հետ է կապված:

Եթե կոմպոզիտորը չլսի իր ստեղծագործությունը, չտեսնի իր սխալները, չվերանայի դրանք, ապա չի աճի, չի դառնա միջազգային մակարդակի ստեղծագործող:

Կոմպոզիտորների միության նվագախմբի հետ արդեն համագործակցում եմ: Լարային նվագախմբի համար «Սերենադ» եմ գրել, նվագախումբը նախատեսում է այս աշնանը կատարել այն: Հայաստանում «Սերենադը» երբևէ չի կատարվել: Շատ ոգևորիչ է, որ երիտասարդները նվագում են հայ կոմպոզիտորների գործեր:

Նոր ստեղծագործություն

Այս պահին գրում եմ Երկրորդ սոնատը թավջութակի և դաշնամուրի համար: Սրանից երեք տարի առաջ գրեցի Առաջին սոնատը, որը կատարեցինք իմ տաղանդավոր ընկերոջ՝ Սերգեյ Կոսեմյանի հետ: Այս աշնանը նա ԱՄՆ-ից գալու է Հայաստան, հուսով եմ, որ նաև այս երկու սոնատների պրոֆեսիոնալ ձայնագրություն կանենք: Նոր սոնատը 15-20-րոպեանոց ստեղծագործություն է:

Ստեղծագործողն ու ոգեշնչումը

Ստեղծագործությունների լավ կատարումները շատ լուրջ ոգևորում են: Նույնիսկ, եթե ներկա չես կատարմանը, ստանում ես ձայնագրությունը, տեսնում ես, թե ինչ բարձր մակարդակի կատարում էր, ծափահարություններ են հնչում, նյութեր ես կարդում. այս ամենը ոգևորում է: Այսինքն՝ այն, ինչ անում ես, միայն քեզ չէ հետաքրքիր, այլ մարդիկ էլ են հետաքրքրվում:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը: «Նորամուտ»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների, նկարիչների, երաժիշտների և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծիհեղինակ՝ՌոզաԳրիգորյան

Լուսանկարները՝Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը