Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից

2 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե կառավարության ծրագրում ամրագրված է զինված ուժերն ապաքաղաքականացնելու մասին դրույթը, Տոնոյանն ընդգծեց, որ այն, ինչ ամրագրված է կառավարության ծրագրում, ինքն անվերապահորեն իրականացնելու է: «Զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Տոնոյանը:

Հարցին՝ նախկինում զինված ուժերը քաղաքական գործընթացներում ներգրավված եղե՞լ են, նախարարը պատասխանեց. «Եթե հիմա այդ հարցը բարձրացվում է, ըստ երևույթին, ինչ-որ խնդիրներ եղել են: Եղել են դեպքեր, երբ լրագրողներն են արձանագրել ինչ-որ խախտումներ, միշտ խնդիրներ եղել են, մենք արձագանքել ենք: Բայց ես՝ որպես պաշտպանության նախարար, աշխատելու եմ, որպեսզի այդ ամենը չկրկնվի»:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 7-ին քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել է նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել է իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ: Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում