Հասարակական

Երևանի մանկապարտեզներում հիգիենիկ պարագաները գնվում են բյուջեով. ծնողներից գումար վերցնելու համար կպատժվի տնօրենը

3 րոպեի ընթերցում

 Երևանի մանկապարտեզներում հիգիենիկ պարագաները գնվում են բյուջեով. ծնողներից գումար վերցնելու համար կպատժվի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում հիգիենիկ պարագաների համար ծնողներից գումարներ չվերցնելը պայմանավորված է բյուջեով ծախսերի ավելացմամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ամիսներ առաջ ֆինանսական վերահաշվարկներ եղան, որի արդյունքում մանկապարտեզների բյուջեով հատուկ տող սահմանվեց հիգիենիկ պարագաների, տնտեսական ապրանքների ծախսերի համար:

«Եթե նախկինում ծնողների օգնությունը կամ այլ աջակցություն էր լինում, որ մանկապարտեզը ձեռք բերեր այդ պարագաները, ապա հիմա դրանց համար հատուկ տողով բյուջեով ծախս է նախատեսված: Այս փոփոխությունը կապված չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումների հետ: Այդ հանձնարարականը եղել է մի քանի ամիս առաջ, հաշվարկվել է, թե որքան գումար է անհրաժեշտ տնտեսական, հիգիենիկ պարագաների համար և բյուջեով ծախս է սահմանվել: Մեր կողմից գործընթացը վերահսկվում է»,-ասաց Աննա Ստեփանյանը:

Նրա խոսքով, իրենց նպատակն է մանկապարտեզներում բացառել նման խնդիրների համար որևէ դրամահավաք: Աննա Ստեփանյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում, կարծես թե, այդ առումով որևէ դժգոհություն չեն ստացել:

«Ամեն դեպքում, եթե կա որևէ մանկապարտեզ, որ նման պահանջ կներկայացնի ծնողներին, ապա տնօրենը կկրի պատասխանատվություն»,-ընդգծեց Աննա Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է դպրոցներում դրամահավաքի խնդրին, ապա Աննա Ստեփանյանը նշեց, որ վերջին զանգի հետ կապված դժգոհություններ եղան, վարչության աշխատակիցները գնացին խոսեցին ծնողների, ուսուցիչների հետ և պահանջեցին բացառել դրամահավաքությունը: Եթե գումար հավաքվել էր, ապա վարչության աշխատակիցները խնդրել են վերադարձնել: Դրանից հետո, դպրոցների հետ կապված ևս, Աննա Ստեփանյանը նշեց, որ առայժմ դժգոհություններ չունեն:

«Վերջին շրջանում դրամահավաք ասվածը շատ է արծարծվում, սոցիալական ցանցերում ով ում հետ խնդիր ունի պահն օգտագործում է և իրավիճակը հասնում է ճղճիմության: Ես կողմնակից եմ, որ ցանկացած դեպքում փոխադարձ հարգանքը մնա, լինի դա մանկավարժների, դաստիարակների, թե այլոց նկատմամբ: Իհարկե, եթե կան մանկավարժներ դաստիարակներ, որոնք իրենց աշխատանքը, դերը ճիշտ չեն կատարում, կարծում եմ, որ ժամանակն է չաշխատեն կրթական հաստատություններում: Ուզում եմ, որ ծնողական համայնքը վստահի մանկավարժին: Լինի դպրոց, թե մանկապարտեզ մենք պետք է վստահությամբ աշխատենք: Հորդորում եմ, եթե կան խնդիրներ դպրոցում, թե մանկապարտեզում, ապա բարձրաձայնվի տնօրենին, եթե չեն լուծվի, ապա մենք պատրաստ ենք լսելու և խնդրին լուծում տալու: Չի եղել մի դեպք, որ մենք չարձագանքենք խնդրին»,-հավելեց Աննա Ստեփանյան:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 161 մանկապարտեզ, 155 հանրակրթական դպրոց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում