Մշակույթ

Ֆիլմերի, արխիվային նյութերի պահպանման և թվայնացման ծրագրերի բրիտանացի պրոդյուսեր Դանիել Բըրդը հետաքրքրված է հայկական դասական կինոյով

3 րոպեի ընթերցում

Ֆիլմերի, արխիվային նյութերի պահպանման և թվայնացման ծրագրերի բրիտանացի պրոդյուսեր Դանիել Բըրդը հետաքրքրված է հայկական դասական կինոյով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Դանիել Բըրդը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրել է հայկական դասական ֆիլմերի վերականգնման ծրագիրը, որը կազմված է երեք փուլից: Ծրագրի առաջին փուլը (2018-2019) ներառում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումը Վարշավայի «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Դանիել Բըրդի ներկայացմամբ՝ վերականգնված ֆիլմերի բոլոր իրավունքները պատկանում են հայկական կողմին: Ֆիլմի վերականգնումը պետք է սկսվի հունիսին, որպեսզի ֆիլմը ժամանակին ներկայացվի ԱՄՆ-ի Telluride փառատոնի բացման հանդիսությանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր հերթին նախատեսում է վերականգնված ժապավենն ուղարկել Լիոնում կայանալիք Լումիեր եղբայրների անվան փառատոն։

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի սքանավորման ու վերականգնման աշխատանքներից հետո լեհական «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում սքանավորվելու և վերականգնվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ Նովա) ֆիլմի հում նյութը, որը վերջնական մոնտաժից հետո, դուրս է մնացել ֆիլմից։

Վերականգնված հատվածներից, միջազգային համագործակցությամբ, մտադրություն կա ստեղծել «Անհայտ Փարաջանովը» աշխատանքային վերնագրով փաստագրական ֆիլմ։ Նախատեսում են այն 2019 թվականին ցուցադրել Ռոտերդամի և Վենետիկի փառատոներում։

Ծրագրի երկրորդ փուլում՝ 2020-2024 թվականների ընթացքում, բրիտանացի պրոդյուսերը նախատեսում է սքանավորել և ամբողջովին վերականգնել Համո Բեկնազարյանի որոշ ֆիլմեր, առաջին հերթին՝ «Պեպոն», որը 2019-ին նախատեսում է ներկայացնել Կաննի փառատոնում։

Դանիել Բըրդն առաջարկել է սքանավորել և վերականգնել հայ դասական 10-12 ֆիլմ, որոնց ընտրությունը կատարելու է ազգային և միջազգային ժյուրին։ Նախատեսվում է այդ ֆիլմերը թողարկել DVD-կրիչով:

Ծրագրի 3-րդ փուլում «Ֆիքսաֆիլմի» մասնագետներն անցկացնելու են սեմինարներ՝ պատրաստելով արհեստավարժ մասնագետներ Երևանում վերականգնողական անկախ ստուդիա ստեղծելու նպատակով:

Նախարար Մակունցը ողջունել է ծրագրի իրականացումը՝ խոստանալով օժանդակել հնարավոր բոլոր միջոցներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում