Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում Է Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում բանակցություններ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նախարարության փոխանցմամբ՝ քննարկվելու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունենալու նաև տեղի թուրքական և մուսուլմանական հասարակության, ինչպես նաև ամերիկյան գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Թուրքիայի զինված ուժերըհունվարի 20-իցՍիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն էին սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցել են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ: Աֆրինում իրականացված ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններում նշել էր, թե Սիրիայի տարածքում Աֆրինից հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Մանբիջն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում