Քաղաքականություն

ՀԱԿ-ն ընտրական oրենսգրքում փոփոխությունների առաջարկությունների փաթեթ է ընդունել

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ն ընտրական oրենսգրքում փոփոխությունների առաջարկությունների փաթեթ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ընդունել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱԿ գրասենյակից:

«Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նիստ, որն ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Կոնգրեսի առաջարկությունների փաթեթը։ Այդ կապակցությամբ կուսակցության հայտարարությունը կհրապարակվի հունիսի 4-ին»,-տեղեկացնում են ՀԱԿ-ից:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում