Քաղաքականություն

Փաշինյանի կառավարությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանի կառավարությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրում նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ակնհայտ է դարձել, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը: «Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում»,- ասված է կառավարության ծրագրում:

Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական: Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների` հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Նշվում է, որ այդ փոփոխություններով անհրաժեշտ է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:

Ծրագրում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում