ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են՝իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը և այլն:
Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: ոխվարչապետ Տիգրան Ավինայանն ասաց, որ օրակարգում ներառվելու է կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: