2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը Բելառուսի ժողովուրդների բարեկամության ընկերության հետ համատեղ Մինսկի բարեկամության տանը մայիսի 28-ին կազմակերպեց Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, ԲՀ ԱԳ նախարարության, բելառուսական մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար՝ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ելույթում անդրադարձ կատարեց հայոց պետականության պատմությանը, մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը:
Դեսպանը հատկապես ընդգծեց, որ Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակը հնարավորություն տվեց հայ ազգին վերածնվելու և իր սեփական պետականությունը վերականգնելու համար:
Շնորհավորական խոսքով նաև հանդես եկավ ԲՀ ԱԺ Նրկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բ.Պիրշտուկը:
Այնուհետև մեկնարկեց համերգ, որին ելույթ ունեցան «Էրեբունի» պարային համույթը, Մինսկի կիրակնօրյա դպրոցի սաները, Բելառուսում հայտնի հայ օպերային երգչուհի Գոհար Հակոբյանը և այլոք: