Քաղաքականություն

«Ժառանգություն»-ը զորակցում և հաջողություն է մաղթում Փաշինյանի կառավարությանը

2 րոպեի ընթերցում

«Ժառանգություն»-ը զորակցում և հաջողություն է մաղթում Փաշինյանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան հաջողություն մաղթում համաժողովրդական միասնությունն ու ժողովրդի աջակցությունը գործի վերածելու հարցում: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ չի ցանկանում, որպեսզի նահանջ արձանագրվի և կրկնվեն նախորդ տարվա միջկուսակցական կռիվները:

«Բարին եմ մաղթում վարչապետին, կառավարությանը: Մենք զորակցում ենք և ուզում ենք, որ համաժողովրդականությունը շարունակվի և դառնա աշխատանք, գործ, ինստիտուցիոնալացված պետական աշխատանք: Մենք այդ ճանապարհի վրա ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Հարցին` ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկություն ո՞ւնի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել: «Ես հպարտ եմ, որ մենք տվել ենք մի սերունդ, որն առաջ է տանում մեր պետությունը: Ես այդ երիտասարդ սերնդի կողքին եմ»,- նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին` հնարավոր է արտահերթ ընտրություններին մասնակցի որևէ դաշինքի կազմում` Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ առաջին հերթին կարող եք համարել որպես շարքային քաղաքացի, ընտրող: Իմ նախընտրությունն այն է, որ լինի մեկ համաժողովրդական ցուցակ, որովհետև վտանգները մեր առջև են: Մենք պետք է ամրապնդենք այս ժողովրդական շարժումը ոչ միայն ուղղահայաց, այլ հորիզոնական: Սա նոր սերնդի հրամայականն է, որ ունենանք ազատ, արդար, անկախ երկիր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում