ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը:

Համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքն ու հանգուցալուծումը և կարևորել Հանրապետության նախագահի դերն ու ջանքերն այդ գործընթացներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հետագա գործընթացների վերաբերյալ:

Հայերեն English Русский