Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական Միության անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և հունիսի 1-ից համաձայնագրի անցումային որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու: «Թեպետ ժամանակին այդ համաձայնագրի մասին բարձր կարծիք չեք հայտնել, պարոն Փաշինյան, սակայն ակնհայտ է, որ այն կյանքի պետք է կոչել: Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրականացումը պլանավորվի և կյանքի կոչվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ԵՄ գործընկերների հետ հանդիպման ընթացքում այդ հարցը միշտ պահում են ուշադրության կենտրոնում: «Երկու օր առաջ այդ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի Սենատի նախագահի հետ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ ԵՄ գործընկերները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն»,- ասաց Փաշինյանը:

Արմեն Աշոտյանը նաև հետաքրքրվեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներից: «Անցյալ տարի հաստատվեց Հայաստանին Եվրոպական Միության կողմից մինչև 2020թ. տրվող ֆինանսական աջակցության ծավալը, որը կազմում է 160 միլիոն եվրո: Բանակցելո՞ւ է կառավարությունը այս աջակցության ծավալն ավելացնելու ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետն ընդգծեց, որ ֆինանսական աջակցության ծավալներն ավելացնելու ուղղությամբ կառավարությունը կաշխատի: «Միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական լայն աջակցություն ցույց տալու պատրաստակամություն են ցուցաբերում: Մենք շատ ուրախ ենք այդ պատրաստակամության համար և պիտի քննարկենք այդ աջակցությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու գործնական խնդիրները»,.- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե պետք է շարունակեն այն գործելաոճը, որ դրսի ձեռքին նայեն, թե ինչքան գումար կտան: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, դրանց մի մասը ստվերում է, գուցե օֆշորային գոտիներում էլ կան ռեսուրսներ, հայ ժողովրդի շրջանում նույնպես կան ռեսուրսներ: Այս իմաստով Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք: Մենք պետք է կարողանանք ընտրել, թե ինչ աջակցություն է մեզ պետք և ինչ չափով: Մենք ունենք այդ ընտրությունը և այդ ընտրության մեջ կլինենք մաքսիմալ արժանապատիվ, և որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության և արժանապատվության հաշվին»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ