ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան անօրինական Է համարում ամերիկյան պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:
«Մենք միանգամայն դեմ ենք այդ որոշումներին: Խոսքը վերաբերում Է արտերկրյա միջոցառումներին»,- ասել Է նախարարը: Նա ընդգծել Է, որ «Ֆրանսիան մնում Է Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասնակիցը եւ կատարելու Է այն»: «Մենք պետք Է պաշտպանենք Իրանի հետ առեւտուր անող ընկերություններին, պաշտպանենք նրանց ներդրումները: Այդ ընկերությունների դեմ պատժամիջոցներն օրինական չեն»,- ընդգծել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Բեռլինն ի գիտություն Է ընդունել իրանական թեմատիկայի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի ելույթը, բայց չի փոխել դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը կատարելու անհրաժեշտության հարցում: «Մեզ համար իրադրությունը չի փոխվել,- շարունակել Է նա:- Եվրամիությունը Սոֆիայի գագաթնաժողովում միասնական ազդանշան տվեց այն մասին, որ մենք ցանկանում ենք պահպանել Իրանի վերաբերյալ համաձայնագիրը»:
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին սպառնացել Է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում Է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, եւ իրեն դատական հետապնդման իրավունք Է վերապահում»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: