Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում. Բաբլոյանը շնորհավորել է Ազնավուրին
2 րոպեի ընթերցում
![Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում. Բաբլոյանը շնորհավորել է Ազնավուրին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/934386.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
«Հարգելի պարոն Ազնավուր,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:
Կատարողական բացառիկ արվեստի եւ հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ եւ ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը:
Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետեւում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին եւ հպարտանում Ձեզնով:
Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:
Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: