Պաշտոնական

Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: Վարդանյանն ընդգծեց, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետն անձնական որոշում է և չի համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը: «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ասված էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում