Տարածաշրջանային

Ստամբուլում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի գործով կասկածյալը բերման է ենթարկվել

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի գործով կասկածյալը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու վրա ռասիստական հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին լքված շինությունում, որտեղ նա թաքնվելիս է եղել: Հաղորդվում է, թե նա հոգեկան խնդիրներ ունի և նախքան եկեղեցու վրա հարձակումը երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

Մայիսի 1-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, թե հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի մասին իմանալուց հետո ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, եկեղեցու հիմնադրամի ղեկավար Արամ Բյուքյուջյանին ու Քադըքյոյ թաղամասի ղեկավար Մուստաֆա Օզարսլանին: Սոյլուն հայտնել էր, որ իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անհայտ անձինք ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ էին իրականացրել: Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Բացի այդ, եկեղեցու բակ տանող դարպասների մոտ մեծ քանակությամբ աղբ է թափվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում