Փաշինյանն անդրադարձավ կառավարության կազմի իր տեսլականին, իսկ Հարությունյանը նկատեց, որ այդ առումով անորոշությունը մեծանում է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու ապագա կառավարության կազմը, եթե ինքն ընտրվի վարչապետ և նկատեց, որ այդ հարցը շարունակում է բաց մնալ, ինչը պահպանում է անորոշությունը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է այնպիսի ելքեր փնտրել, որոնք հանրության մոտ վաղվա օրվա նկատմամբ հույս կառաջացնեն: «Համոզված եմ, որ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը` չխոչընդոտել Ձեր ընտրությանը, խոսում է դրա մասին` փորձել համատեղ գտնել ելքեր: Կոնկրետ հարց եմ ուզում հնչեցնել, որն ըստ իս շատ կարևոր է: Ակնհայտ է, որ բոլոր տեսակի խոստումների իրականացման ինստիտուտը կառավարությունն է, որոնք հնչեցվում են հանրահավաքներում և նախընտրական մրցապայքարի ընթացքում: Միաժամանակ, ակնհայտ է, որ իշխանությունը վերացական գործընթաց չէ, շատ անձնավորված պրոցես է; Հետևաբար` շատերին կհետաքրքրի, թե Ձեր, հուսով եմ վաղը դա ձեզ կհաջողվի, վարչապետ դառնալու պարագայում ովքեր են լինելու Ձեր կառավարության կազմում: Օրինակ, ինձ հետաքրքրում է` ով է լինելու առաջին փոխվարչապետը, ով է լինելու Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ֆինանսների նախարարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցրեց Հարությունյանը` ավելացնելով, որ սա զուտ հռետորական հարցադրում չէ և որևէ մեկի քաղաքական հետաքրքրությունը բավարարելու նպատակ չի հետապնդում: Ըստ Հարությունյանի, կախված նրանից, թե ովքեր կլինեն այդ կարևոր պաշտոններում` հանրությանը տված Նիկոլ Փաշինյանի խոստումները կարող են իրականանալ, կարող են չիրականանալ: «Համաձայնեք, որ հանրությունը, որն իրականում սատարում է Ձեզ, իրավունք է ունի նաև պատկերացնել ապագա կառավարության ուրվագիծը, որը կարող է իրականում իր ճանաչելիությամբ, պրոֆեսիոնալ հատկություններով հույս ներշնչել, որ այս ամբողջ պոզիտիվ կապիտալը կվերածվի քաղաքական լուրջ կապիտալի»,- ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան` Փաշինյանն ասաց, որ հատկապես միջազգային լրատվամիջոցներում շատ է հանդիպել Հայաստանում տեղի ունեցածի նկատմամբ բարձր գնահատական: «Ուզում եմ ուղիղ ասել, համարում եմ, որ սա այս քաղաքական գործընթացում ներգրավված ոչ թե որևէ կոնկրետ կողմի արժանիքն է, այլ բոլորի, որովհետև բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը կարող է մի փոքր սադրանքից ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից: Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շատ բարձր եմ գնահատում, որ բոլորս լինելով լարվածության գուցե ամենաբարձր աստիճանի վրա, այնուամենայնիվ կարողացել ենք չկորցնել ինքնատիրապետումը, պատասխանատվության զգացումը և դա խոսում է մեր հավաքական առավելությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետի թեկնածուն նշեց, որ որոշումների կայացման մեխանիզմը սուբյեկտիվ գործոն է, բայց իր պատկերացումը որոշումների վերաբերյալ հետևյալն է. դրանք պետք է լինեն առավելագույնս քննարկված և առավելագույնս ինստիտուցիոնալ: «Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե ինչքանով են ազդում որոշումների կայացման վրա, պաշտոնյաների սուբյեկտիվ ընկալումները` հակակշռված ինստիտուտների ձևավորված եզրակացություններով: Անկեղծ ասած, երկրորդ մոտեցման կողմնակիցն եմ, որովհետև ինստիտուտի սխալվելու հնարավորությունը շատ ավելի փոքր է, քան մարդու սխալվելու հավանականությունը»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, նրա կազմին, ապա Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսը տեղի է ունենում ֆորսմաժորային իրավիճակում, և վարչապետի նշանակումը, կառավարության ձևավորումը պետք է լինի ճգնաժամը հաղթահարելու գործիք: «Եթե դա լիներ սովորական ընտրական պրոցեսում, ապա կառավարության ձևավորման գործընթացը կգնար այլ տրամաբանությամբ: Առաջնային խնդիրը, որ պետք է Ձեր հարցի պատասխանի համար հետևյալն է. պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որն անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Պետք է այդ շրջանակն արձանագրվի, և կառավարության կազմը պետք է քննարկվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում, որովհետև մեր նպատակը համերաշխության մթնոլորտի հաստատումն է: Մեր նպատակը չէ ստեղծել մի իրավիճակ, որ հանրության կամ քաղաքական դաշտի մի մասն արձանագրի, որ ինքը հաղթել է և ապացուցի, որ մյուս մասը պարտվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իրենց նպատակն է ձևավորել համերաշխության մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի խաղաղ, հանգիստ պայմաններում քննարկել օրհասական օրակարգի բոլոր հարցերը, որի գոյությունն այս պահի դրությամբ կայացած փաստով է ընդունվում: «Այսինքն, ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա: Կառավարության կազմը կձևավորվի այդ պատկերի շրջանակներում իրականացվող քաղաքական խորհրդակցությունների, քննարկումների շրջանակում: Ես հիմա չեմ ուզում անել հավակնոտ հայտարարություններ, բայց ես կարծում եմ, որ մեր ձգտումը պետք է լինի ձևավորել համաձայնության կառավարություն»,- նշեց Փաշինյանը:

Իր հերթին, Խոսրով Հարությունյանը կրկնեց, որ այս հարցը հռետորական հարցադրում չէ, կախված նրանից, թե ովքեր կստանձնեն պատասխանատու դերակատարումներ կառավարության կազմում` իրենք կարող են պատկերացումներ ունենալ հետագա զարգացումների, այս ձեռքբերումը իրական քաղաքական կապիտալի վերածելու առումով: «Ի դեպ, ես այն կարծիքին չեմ, որ նույնիսկ Ձեզ մոտ ուրվագծված չէ այդ կազմը, գոնե այն անկյունաքարային դերակատարների: Եթե Դուք նրանց անունները չեք հնչեցնում, ուղղակի անորոշությունը մեծացնում եք, իսկ եթե դրանք չկան, առավել ևս շատ անորոշ է ստացվում: Միայն վարչապետի ֆիգուրը, որը նույնիսկ հանրության մի ստվար զանգվածի անվերապահ վստահությանն է արժանի, բավարար չէ այս ամենն իրականություն դարձնելու համար»,- նկատեց Հարությունյանը:

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում իրենց հեռակա քննարկումների հիմնական թեման եղել է քաղաքական պրոցեսը Սահմանադրության և օրենքի շրջանակներում կարգավորելը: «Սահմանադրությունն ու օրենքները հստակ սահմանում են, որ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն: Այսինքն, մեր Սահմանադրությունն ու օրենքները չեն նախատեսում, որ սկզբից պետք է հրապարակվի կառավարության կազմը, հետո որոշվի վարչապետը: Մենք տրամադրված չենք, որ կառավարության կազմում արձանագրենք կողմերից մեկի հաղթանակ և պարտություն, մեր նպատակն է ձևավորել աշխատանքային, համերաշխ մթնոլորտ: Մեր ծրագիրն ի սկզբանե եղել է հետևյալը. եթե վաղվա քվեարկության արդյունքներով կընտրվի վարչապետ, շատ հստակ պետք է հասկանալ յուրաքանչյուր կողմ քվեարկողի մոտիվացիան: Քննարկումների արդյունքում պետք է տեղի ունենա կառավարության կազմի ձևավորումը: Եթե խնդիրը լիներ այն, որ մեր կուսակցությունը հաղթել է ընտրություններում և պետք է ձևավորի կառավարություն, բնականաբար մենք ունենք մեր կադրային բազան, բայց մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխարինելու: Դրա համար էլ հարցի պատասխանը կախված է վաղվա իրադարձությունների զարգացումներից»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ