Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցում Պետդումայի պատվիրակության հետ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցում Պետդումայի պատվիրակության հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամների և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության՝ Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը, իրենք հայտնել են դիրքորոշում՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ճանապարհով։ «Քննարկեցինք ու մեր դիրքորոշումը ներկայացրինք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ասացինք, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն հունով: Մենք տրամադրված ենք աշխատանքային, համբերատար պայմաններում քննարկել բոլոր հարցերը, գալ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող ցույցերին ՌԴ պատգամավորների դիրքորոշմանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ նրանք դրական են գնահատում այդ փաստն ու ժողովրդի ոգևորությունը: «Մենք էլ հավաստիացրեցինք, որ ինչ ասել ենք հրապարակային, դա իրականություն է, այս համատեքստում Ռուսաստանի դեմ որևէ դավադրություն չկա, մեր շարժման մեջ որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա: Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում