«Ելք»-ի կողմից անցկացվող հավաքները որևէ արդյունք չեն ունենա». սոցիոլոգ
2 րոպեի ընթերցում
![«Ելք»-ի կողմից անցկացվող հավաքները որևէ արդյունք չեն ունենա». սոցիոլոգ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930390.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ «Ելք» խմբակցության կողմից արդեն մի քանի օր անցկացվող հավաքները ոչ մի արդյունքի չեն հանգելու:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում որոշումներ կայացնում է խորհրդարանը, և եթե այդ քաղաքական ուժը ցանկանում է երկրում որևէ բան փոխել, պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմի: «Այս ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք: Միջազգային լրատվամիջոցներն իրենց հրապարակումները ևս այդ շրջանակներում են կատարել: Իսկ ինչ վերաբերում է արդյունքին, դրանք արդյունք չեն ունենալու»,-հավելեց նա:
Ադիբեկյանի խոսքով՝ երկրում բողոքի ալիքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կազմակերպիչները չձանձրանան: «Քաղաքական գործողությունները պետք է հաշվենկատ լինեն, ընդունված կանոնների համաձայն: Այդ քաղաքական ուժը որևէ կարգախոսով հանդես չի գալիս, որ մարդիկ հասկանան՝ ինչ նպատակով գնան պայքարելու»,-ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցներն արդեն մի քանի օր քայլերթ են անցկացնում Երևանի փողոցներով՝ փակելով կենտրոնական փողոցներն ու կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը: