Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապրիլյան պատերազմից քաղած կարևոր դասերը

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապրիլյան պատերազմից քաղած կարևոր դասերը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված պատերազմի առաջին դասը համարում է այն, որ տևական ժամանակ այլևս պետք չէ հույսեր փայփայել, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկությունը: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին, թե որքանո՞վ Ադրբեջանը կարողացավ հասնել իր նպատակներին՝ սանձազերծելով ապրիլյան պատերազմը, և ինչ դասեր է քաղել Հայաստանն այդ պատերազմից, նախ ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, սակայն ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար: «Այս առումով մենք առաջին դասը պետք է համարենք այն, որ տևական ժամանակ այլևս երբեք հույս չպետք է փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Իսկ հաջողվե՞ց Ադրբեջանի ղեկավարությանը իրականացնել իր ծրագրերը. կարծում եմ՝ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ, իհարկե, ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ հաջորդ դասն այն է, որ Հայաստանը պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնի զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինությունն արտադրելուն և, որ ամենակարևորն է՝ հայ զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելուն, առօրյայում նրանց կենցաղային խնդիրները լուծելուն, որևէ իրադարձության պայմաններում ապագայի նկատմամբ նրանց վստահությունն ամրապնդելուն:

Պատգամավորի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր բանակում կատարված բոլոր բարեփոխումները կատարվում են՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի վերլուծությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այո, ընդհանուր առմամբ այո, և դուք բոլորդ վկան եք եղել բարեփոխումների, որ իրականացվել են զինված ուժերում: Բայց ինչ ապագայում է լինելու, լինելու է, սակայն այն, ինչ արվել է՝ առաջնագծի լրացուցիչ կահավորումը, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, մեզ վստահություն է ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016թ. ապրիլ»:

Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել իշխող կոալիցիայի կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում