Քաղաքականություն

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա է բարձր մակարդակի ակտիվ երկխոսություն

9 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա է բարձր մակարդակի ակտիվ երկխոսություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա է բարձր մակարդակի ակտիվ երկխոսություն: Հայաստանի Հանրապետության և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին` համատեղ հայտարարության միջոցով: Մինչև 2013թ. մարտը, տևական ժամանակ Լոնդոնում և Փարիզում ՀՀ դեսպանները համատեղության կարգով հավատարմագրվում էին նաև Սուրբ Աթոռում: ՀՀ Նախագահի հրամանագրով՝ 2013թ. մարտին Սուրբ Աթոռում ստեղծվեց ՀՀ դեսպանություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1992 թվականից ի վեր կայացել են բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ: ՀՀ Նախագահի մակարդակով 7 այց է կայացել Վատիկան: Հայ-վատիկանյան երկկողմ հարաբերություններն առանձնահատուկ ձևով են նշանավորվել 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից արված Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությամբ:

ՀՀ ԱԳ նախարարները Վատիկան են այցելել 1998, 2009, 2013 և 2017թվականներին: Պարբերական բնույթ են կրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսների այցերը Վատիկան: 2001թ. սեպտեմբերի 25-27-ը Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Հայաստան: Այցն իրականացվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով: 2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Հայաստան: Այցը կրել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը։

Հայաստանի կողքին 1988 թվականից

Հայաստան-Վատիկան համագործակցության ոլորտները տարբեր են: Հայաստանի և Վատիկանի միջև «ոչ պաշտոնական» հարաբերությունները սկսվել են 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ, ի թիվս բազմաթիվ այլ երկրների, Հայաստանին իր օգնությունը ցուցաբերեց նաև Սուրբ Աթոռը: Դրա վկայությունն է Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի նվերը հայ ժողովրդին` Հայաստանի Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը` համալրված ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, որը գործում է 1991-ից ի վեր: Հիվանդանոցն անվճար սպասարկում է Շիրակի, անհրաժեշտության դեպքում նաև` ՀՀ այլ մարզերի, ինչպես նաև Վրաստանի Ջավախքի շրջանի հիվանդներին:

Երկու եկեղեցիների միջև առկա ջերմությունը՝ որակապես նոր փուլ

Երկու եկեղեցիների փոխհարաբերություններում կարևոր իրադարձություն էր 1996թ. դեկտեմբերի 10-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությունը Վատիկան, որի ընթացքում Վեհափառը հանդիպեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի հետ: Այցի արդյունքներով ստորագրվեց համատեղ հայտարարություն, որով կոչ է արվել «երկու եկեղեցիների հոգևորականությանն ու աշխարհիկ դասին առավել ակտիվ և արդյունավետ զարգացնելու համագործակցությունը, դառնալու հաշտության, խաղաղության և արդարության գործակալներ, պայքարելու մարդկային իրավունքների ճշմարիտ ճանաչման համար և իրենց նվիրելու ողջ աշխարհում հոգևոր և նյութական կարիքի մեջ բոլոր տառապողներին օժանդակելու գործին»:

2000թ. նոյեմբերի 9-ին Վատիկանում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «20-րդ դարը նշանավորվեց ծայրահեղ մի դաժանությամբ: Դարասկզբի Հայոց ցեղասպանությունը նախաբանը եղավ հետագա սարսափների. երկու համաշխարհային պատերազմներ, տարածաշրջանային անհամար հակամարտություններ և միտումնավոր կազմակերպված կոտորածներ, որոնք միլիոնավոր հավատացյալների կյանք խլեցին»:

Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` 2001թ. սեպտեմբերի 25-27-ը Հայաստան այցելությամբ: Այցը տեղի է ունեցել այդ ժամանակ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ:

2005թ. հունվարի 19-ին Վատիկանում Հովհաննես-Պողոս Բ Պապը հանդիսավորությամբ բացել և օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Սուրբ Պետրոս Մայր տաճարի արտաքին որմնախորշում: Մարմարե արձանն ունի 5,7 մետր բարձրություն և 26 տոննա քաշ:

Մշակույթը՝ ամուր օղակ

Հայաստանի և Վատիկանի մշակութային համագործակցությունը ևս ակտիվ է: Մշակութային հարաբերություններում նշանակալի իրադարձություն եղավ Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսը: Հետագայում կազմակերպվել է «Հայերի ներկայությունը միջնադարյան Հռոմում» խորագիրը կրող համաժողովը, Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում բացվել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: 2015-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և «Լա Չիվիլտա Կատոլիկա» ճիզվիտների միաբանության պաշտոնական ամսագրի խմբագրության աջակցությամբ կազմակերպվեց «Ցեղասպանությունները և ժխտողականություն» խորագրով գիտաժողովը։

Պատմական պատարագը

2015թ. ապրիլի 12-ին հայ հավատացյալների համար Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս Պապը մատուցեց պատարագ: Ֆրանցիսկոս Պապը պատարագի քարոզի ընթացքում 1915 թվականին Թուրքիայում հայերի հետ կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

2017թ. մայիսի 30-31-ը Հայաստանում էր գտնվում Սուրբ Աթոռի Գաղտնի արխիվների և առաքելական գրադարանի ղեկավար Մոնսենիոր Ժան-Լուի Բրյուգեսի գլխավորած պատվիրակությունը։ 2017թ. նոյեմբերի 23-ին Վատիկանը թողարկել է նամականիշների շարք` նվիրված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ 2016 թվականին տեղի ունեցած այցերին։ Նամականիշերի շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նամականիշը։ 2016թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։

Սպասվող մեծ իրադարձություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Օծման արարողությունը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին (Վատիկանի ժամանակով), Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայությամբ։ Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում