ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը Սերժ Սարգսյանին զեկուցել է անցած տարի իրականացրած աշխատանքների մասին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու արդիականացման, շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմակայունության բարձրացման ռազմավարության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների խնդրի կանոնակարգման ուղղությամբ արված աշխատանքները, կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարական ծրագրերը և հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացված այլ աշխատանքներ:

Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ ի կատարումն Նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպման ընթացքում տրված հանձնարարականի՝ քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու և դյուրացնելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային առցանց եղանակով՝www.e-permits.amմիասնական համակարգի միջոցով:

Կոմիտեի հիմնական գործառույթ հանդիսացող տարածական պլանավորման ուղղությամբ ներկայացվել է, որ2017-2021թթ. հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Որպես օրինակ ներկայացվել են 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակված Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է իրականացնել նմանօրինակ համալիր ծրագիր Սյունիքի և Արարատի մարզերում՝ ընդհանուր առմամբ 233 բնակավայրերի համար:

«Սևան» ազգային պարկի տարածքի զարգացմանն ուղղված միջոցառումների համատեքստում Նարեկ Սարգսյանը մանրամասնել է մշակված առաջարկությունները, ըստ այդմ, նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով իրականացնելով տարածքի մանրամասն գոտևորում՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ: Նախագծային առաջարկությունները, ըստ կոմիտեի նախագահի, մշակման ընթացքում են:

Զեկուցվել է, որ 2017թ. ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը:

Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման շրջանակում Նարեկ Սարգսյանը ներկայացրել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից 2017թ. իրականացված կառուցապատման ներդրումային ծրագրերը, ինչպես նաև՝ Երևանում և մարզերում 2018թ. իրականացվելիք խոշոր ներդրումային ծրագրերը:

Զեկույցի համաձայն՝ կոմիտեի համակարգմամբ պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին իրականացվել են թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրեր, որոնցից 19-ը՝ պետական, 35-ը` մասնավոր: Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների շինաշխատանքները, Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, գտնվում են ավարտական փուլում:

2018 թվականին կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել թվով 7 ներդրումային ծրագիր, ինչպես նաև՝ համակարգել ավելի քան 24 կառուցապատման նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվել և իրականացվել են՝ կրթական, մարզական, մշակութային, առողջապահական, բնակարանաշինության և վարչական 32 օբյեկտների շինաշխատանքներ, այդ թվում՝ 2017 թվականի ընթացքում ամբողջապես ավարտվել և շահագործման են հանձնվել՝ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ավարտական փուլում են գտնվում Երևանի Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի և Երևանի պետական կամերային թատրոնի շինարարական աշխատանքները, Լոռու մարզի Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին կից օժանդակ մասնաշենքի կառուցման աշխատանքները, թվով 24 նախադպրոցական և դպրոցական, մարզական, մշակութային ու վարչական հաստատությունների նախագծահետազոտական աշխատանքները:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում իրականացվող կառուցապատման ներդրումային ծրագրերը. Ջերմուկում՝ քաղաքի զարգացման ծրագրի շրջանակում թերմալ ջրերի փակ և բացօթյա լողավազանով հյուրանոցային համալիրի կառուցումը, բնակելի թաղամասերի և քաղաքի բարեկարգմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր, Վանաձորում` լեռնադահուկային կենտրոնի և հանգստի գոտու կառուցման ծրագիրը, Ծաղկաձորի զարգացման և բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային և ինժեներական ենթակառույցների համակարգի վերականգնման և կառուցման, շենքերի ճակատային հատվածների բարելավման, գիշերային լուսավորության համակարգի տեղադրման ծրագրերը և այլն:

Հանրապետության Նախագահի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և գործարարությամբ զբաղվելու (Doing Business) ցուցիչով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման և դրա հետ շաղկապված՝ նպաստավոր քաղաքաշինական միջավայրի ձևավորման ու անհրաժեշտ կարգավորումների սահմանման տեսանկյունից, մշտական ուշադրության ներքո պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում իրականացվող քաղաքային զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում:

Հայերեն

ԵՄ-ն արդեն 134 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության վրա և հավատում է Կիևի հաղթանակին. Կալաս

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ազգային ժողովի նիստ

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Գողացված մեքենայի գույքահարկը սեփականատերը չի վճարի

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները