«Դերասանական արվեստում պետք է անկեղծ լինես ինքդ քեզ և թատերասերի հետ». Տիրուհի Հակոբյան

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճ ժամանակահատվածում մի շարք հեռուստադիտողների սրտերը նվաճած «Կարմիր բլուր» հեռուստանովելը, որը հեռարձակվում է ATV հեռուստաընկերությամբ, սիրվել է նաև թատրոնի և կինոյի դերասանուհի Տիրուհի Հակոբյանի շնորհիվ, որը մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Սոսեին: Թատրոնի, կինոյի, հեռուստանովելի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ:

-Դեռ շատ երիտասարդ եք, սակայն աշխատում եք թատրոնում և նկարահանվում հեռուստանովելում: Ըստ ձեզ` որո՞նք են այդ երկու բնագավառների առանձնահատկությունները:

-Խաղում եմ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Աշխատում եմ ոչ միայն տիկնիկների, այլև ամենաանկեղծ փոքրիկ հանդիսատեսի հետ: Երեխաների համար ստեղծագործելը կրկնակի հաճելի և բարդ է. կարծես միջնորդ լինես տիկնիկի և երեխայի միջև ստեղծված աշխարհում: Պետք է շատ զգույշ լինել և չկոտրել այն հավատը, պատրանքը, որ փոքրիկներն ունեն իրենց պատկերացրած թատրոնի հանդեպ: Դերասանական արվեստում պետք է անկեղծ լինես ինքդ քեզ և թատերասերի հետ:

Նշեմ, որ մեծացել եմ տիկնիկային թատրոնում (հայրս` Գրիգոր Հակոբյանը, այս թատրոնի դերասան է) և այդտեղի յուրաքանչյուր ներկայացում չափազանց հարազատ է ինձ: Շատ հետաքրքիր է, երբ փոքրիկ թատերասերից վերածվեցի այդ թատրոնի դերասանուհու: Կարծում եմ, մանկությունը մարդու կյանքի կարևորագույն մասն է, և հրաշալի է, երբ այնտեղ նաև թատրոն կա: Եթե անդրադառնանք կինոյին, ապա այն բոլորովին այլ է: Կինոն հատկապես հաճելի է, երբ արդեն պատրաստ է, և կարող ես տանը նստած վայելել այն: Հեռուստանովելում նկարահանվելու գործընթացն այնքան հետաքրքիր չէ, որքան թատրոնում խաղալը: Սերիալը չունի այն կենդանությունը, որն անպակաս է թատրոնում:

-Նախկինում ֆիլմերի, ներկայացումների միջոցով բարձրաձայնվում էին մարդկության համար այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են պատիվը, բարոյական այլ արժեքները: Ձեզ կարծիքով, ի՞նչ հարցեր են արծարծում ժամանակակից կինոն և թատրոնը:

-Շատ եմ սիրում խոսել այդ հարցի շուրջ: Այնքան էլ համաձայն չեմ ձեզ հետ. պատվի, բարոյական այլ արժեքների մասին ֆիլմերը միշտ են եղել և կլինեն: Հաճախ եմ դիտում ռեժիսորներ Ինգմար Բերգմանի, Ռոման Պոլանսկու կինոնկարները: Նրանք մերօրյա, արդիական հարցեր են շոշափում իրենց ֆիլմերում: Հանճարեղ է Բերգմանի «Ընտանեկան կյանքի դրվագներ» ժապավենը, որը վերջերս եմ դիտել և հասկացել, որ քսաներորդ դարից հետո ոչինչ չի փոխվել: Դա խոսում է այն մասին, որ կան թեմաներ, որոնք արդիական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդկությունը: Միշտ մտածել եմ, որ եթե հնարավորություն ունենայի կինոնկար ստեղծել, այն կլիներ մարդու ներքին ազատության մասին: Ցավում եմ, որ մարդիկ հաճախ դադարում են միմյանց լսել և կորցնում են շատ կարևոր արժեքներ: Մարդիկ փակ են. փակ են աշխարհի հանդեպ, իրար հանդեպ, հաճախ ներկում են կյանքը սև ու սպիտակով: Պակասում է ամենակարևոր բանը` սերը, որը մշտնջենական է: Խոսում եմ` ոգեշնչված Անդրեյ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմից: Կինոնկարում մի ընտանիքի օրինակով ներկայացվում է աշխարհի կարևոր խնդիրներից մեկը` բաժանությունը, սիրո կորուստը: Կարծում եմ` կան հրաշալի ռեժիսորներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նոր խոսք է ասում կինոասպարեզում և չի դադարում զարմացնել:

-Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու, կցանկանայիք խաղալ անցյալ դարի թատրոնում և կինոյում, թե՞ մեր ժամանակներում դերասանների առաջ ավելի լայն հեռանկարներ են բացվում:

-Չէի ուզի հանդես գալ անցյալ դարի թատրոնում: Սիրում եմ իմ ժամանակի թատրոնը: Ինձ դուր է գալիս, երբ մի ներկայացման մեջ ներառված են արվեստի տարբեր ճյուղերը` երգ, պար, կրկես և այլն: Մերօրյա թատրոնում արտահայտչամիջոցներն ավելի հետաքրքիր են, և անմիջական կապը հանդիսատեսի հետ շոշափելի է: Սիրում եմ, երբ բեմադրություններ են իրականացվում ոչ միայն բեմում, այլև փորձասենյակում, սրճարանում, թատրոնի շենքի կտուրում և այլուր` այդպես կոտրելով մի շարք կարծրատիպեր: Բայց, պետք է խոստովանեմ, որ դեմ չէի լինի որոշ ժամանակ ապրել Խորհրդային Միության ժամանակներում, քանի որ այդ շրջանի կինոն ինքնատիպ է և սիրելի: Կցանկանայի ֆիլմերի միջոցով տեղափոխվել 16-18-րդ դարեր, իսկ թատրոնն ինքնին հրաշալի ճանապարհորդություն է ժամանակի և տարածության մեջ:

-Մի առիթվ խոստովանել եք, որ բավականին հուզառատ անձնավորություն եք, դերասանական արվեստում դա օգնու՞մ է, թե՞

-Միանշանակ օգնում է:

-Ինչպե՞ս հայտնվեցիք «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Սոսեն, ում մարմնավորում եք, և դուք կյանքում ընդհանրություններ ունե՞ք:

-Հեռուստասերիալի դերասանական կազմի ընտրության վերջին օրերն էին: Հանդիպեցի ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Արշակյանին: Նա հավատաց ինձ, վստահեց իմ ուժերին և հնարավորություն տվեց հանդես գալ «Կարմիր բլուրի» գլխավոր դերում: Ե՛վ ես, և՛ Սոսեն շատ զգացմունքային ենք:

-Հեռուստանովելում ձեր խաղընկերներն արդեն իսկ հայտնի դերասաններ են. Սարգիս Գրիգորյան, Վահե Զիրոյան, Արտաշես Ալեքսանյան, Սամվել Սարգսյան, Անետ Հարությունյան, Լուիզա Մելքոնյան և այլք: Կպատմե՞ք նրանց հետ համագործակցության մասին:

-Հեռուստասերիալում նկարահանվելու առաջին փորձս է: Բնական է, որ լարվածություն կար, հատկապես սկզբնական շրջանում: Սակայն իմ փորձառու խաղընկերներն ինձ սատարեցին, և նրանց շնորհիվ լարվածությունն անհետացավ: Նկարահանումներն անցնում են ջերմ և լավ մթնոլորտում, ինչը շատ դրական է ազդում բոլորիս վրա:

Կարմիր բլուրը» երկրպագուների մեծ բանակ ունի: Բոլորին հետաքրքիր է, թե ի՞նչ ընթացք է ստանալու այն, ինչպե՞ս են ծավալվելու գործողությունները: Կարո՞ղ եք բացել փակագծերը:

-Ինձ երբեք հետաքրքիր չէ դիտել ֆիլմը, եթե նախապես գիտեմ, թե ինչպես է այն ավարտվում: Կարծում եմ, արդար չի լինի, եթե ես որևէ փակագիծ բացեմ (ժպտում է):

-Նոր ներկայացումներում, հեռուստանովելներում հանդես գալու առաջարկներ ունե՞ք:

-Ներգրավված եմ մի քանի ներկայացումներում: Նոր հեռուստանովելում նկարահանվելու առաջարկ ստացել եմ, բայց մերժել եմ: Ինձ դուր է գալիս այն ֆիլմը, որում հիմա նկարահանվում եմ, և ուզում եմ մինչև վերջ գնալ: Սիրում եմ սկսած գործն ավարտին հասցնել:

-Դերասանուհի ծնվու՞մ են, թե՞ դառնում:

- Դառնում են: Հաճախ շնորհը, տաղանդը ոչինչ են: Շատ կարևոր է, թե կյանքը քեզ ինչ ճանապարհով է տանում, թե ինչն է քեզ դուր գալիս, որքան մեծ է քո ազատությունը, հարուստ՝ ինտելեկտը: Վարպետս` Ռուբեն Բաբայանը, միշտ ասում է. «Ջուլիետ շատ դերասանուհիներ են խաղացել, ոմանք՝ հանճարեղ, բայց քեզ նման ոչ ոք չի խաղա, քանի որ յուրաքանչյուր դերասան անհատականություն է և իրենն է բերում բեմ կամ կինո»:

-Եթե ոսկե ձկնիկ բռնեք, ի՞նչ երեք երազանք կպահեք:

-Կցանկանամ, որ մարդկանց մեջ սերը շատ լինի, որ հարազատներս միշտ կողքիս լինեն, որ իմ մեջ ապրող երեխան երբեք չմեծանա:

-Ի՞նչ կփոխեիք ձեր անցյալում և ինչո՞ւ:

-Ասում են, որ ամեն տարիքում պետք է այդ շրջանին համապատասխան գրականություն կարդալ ժամանակին հավասար քայլելու և ետ չընկնելու համար: Կարծում եմ, որ այդ հարցում ունեմ բացեր: Կցանկանայի կարդալ այն գրքերը, որոնք ժամանակին չեմ ընթերցել, քանի որ ամեն տարիքում դրանք յուրովի ես ընկալում:

-Ընկերություն կանեի՞ք ձեր նմանակի հետ:

- Ունեմ իմ նմանակը: Խոսքը դերասանուհի Եվա Զոհրաբյանի մասին է: Երբեմն միմյանց նայելիս ասում ենք, որ իրար շատ նման ենք ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ: Մենք ունենք մեր հորինած բառերը, որոնց միջոցով հասկանում ենք, թե ինչ հոգեվիճակում ենք, ինչ ենք զգում, ինչ ենք մտածում: Հրաշալի է, երբ կողքիդ քեզ նման մարդ կա:

-Ի՞նչ անելու համարձակություն չունեք:

- Վախենում եմ բարձրությունից, բայց երազում եմ թռչել անկարգելից (պարաշյուտ): Կարծում եմ, երբ վախեր ունես, պետք է փորձել հաղթահարել դրանք: Բայց ես դեռ պատրաստ չեմ:

-Ինչո՞վ կզբաղվեիք ձեր կյանքի վերջին օրը:

-Սիրելիիս հետ ձեռք ձեռքի կքայլեի Փարիզի փողոցներով:

Հարցազրույցը վարեց

Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները տրամադրեց Տիրուհի Հակոբյանը

Հայերեն

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին