ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը. Շարմազանով
1 րոպեի ընթերցում
![ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը. Շարմազանով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/926393.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
«Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով:
Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: