Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/926249.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված, վերջերս կառուցված Հայրենիքի պաշտպանի ժամանակակից վերականգնողական կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո՝ կարճ ժամկետում կատարված մեծածավալ աշխատանքներին:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:
Արմեն Մուրադյանը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է կենտրոնի ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը եւ տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի նախատեսում են լուծել նաեւ նրանց կրթության եւ աշխատանքի հետ կապված հարցեր:
ԵՊԲՀ ռեկտորի հավաստմամբ` Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները պատրաստակամ են օգնելու եւ աջակցելու վերականգնողական կենտրոնում յուրաքանչյուր բուժվողի:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: