Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգայինգործերիկոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ:

Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգայինգործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-ռուսական միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները խարսխված են բազմադարյան բարեկամության եւ պատմական ամուր կապերի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը նշել է, որ խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը կարեւոր տեղ է զբաղեցնում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգում: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգայինգործերի կոմիտեիհամատեղ նիստերի աշխատանքը, որը հարթակ է երկու երկրների օրենսդիրների երկխոսության համար եւ հնարավորություն է տալիս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեծ շրջանակ:

Արա Բաբլոյանը կարեւորել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում եւ նշել, որ այս գործում մեծ է օրենսդիր մարմինների համապատասխան հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի գործունեության դերը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը եւ օրակարգերը հաճախ են համընկնում:

Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել օրվա առաջին համատեղ նիստում քննարկված հարցերը եւ նշել, որ նիստերի օրակարգում ներառված են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը եւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Պարոն Կոսաչովը նույնպես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ փոխշահավետ համագործակցության դերը միջազգային կառույցներում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդգրկված են մոտ յոթ վեհաժողովի կազմում. հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա պատահական համընկնում չէ, խոսքը ընդհանուր հետաքրքրությունների մասին է:

Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ համատեղ նիստերի ընթացքում քննարկված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերը հնարավորինս արագ կլուծվեն:

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր եւս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում