Տարածաշրջանային

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

2 րոպեի ընթերցում

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ այդ երկրում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել թուրքական կողմի բողոքի նոտան:

«Մենք այստեղից Գերմանիայի կառավարությանն ասում ենք, որ ովքեր էլ լինեն այդ հանցագործները, այդ երկրի, կառավարության պարտավորությունն է նրանց ձերբակալել և կանգնեցնել դատարանի առաջ: Ցավոք սրտի մինչ օրս թուրքերի դեմ իրականացված գործողությունների մեծ մասը մնում է չբացահայտված»,- ասել է Բոզդաղը՝ նշելով, որ իրենք շարունակելու են ուշի ուշով հետևել իրադարձությունների զարգացմանը:

Նախորդ շաբաթվա վերջին Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Իտցեհոյում, Լաուֆֆենում հարձակումներ են իրականացվել թուրքական մզկիթների վրա: Հարձակվողները կոտրել էին ապակիները, նետել էին «մոլոտովի կոկտեյլներ»: Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի անձի: Նշվում է, որ այդ գործողությունները կարող են պայմանավորված լինել սիրիական Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ բողոքով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում