Հասարակական

Լոռու մարզում կստեղծվի լեռնադահուկային կենտրոն. ներդրումային ծրագիրը գնահատվում է 30 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Լոռու մարզում կստեղծվի լեռնադահուկային կենտրոն. ներդրումային ծրագիրը գնահատվում է 30 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին և ընդունեց վերջինս ստեղծելու նպատակով հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Լոռու մարզի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքներում, մինչև 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար արդեն իսկ ընտրվել է «Ecosign» միջազգային լավագույն կազմակերպությունը: Այն գործունեություն է ծավալել Սոչիում և Փհենչհանում, որտեղ կայացել են ձմեռային վերջին Օլիմպիական խաղերը:

«Ծրագիրը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ: Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը:

Հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Այն կգործի ամբողջ տարի և կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ: Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում