Միջազգային

Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանն ամրագրված վճար Է սահմանել այցելուների մի մասի համար

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանն ամրագրված վճար Է սահմանել այցելուների մի մասի համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը մարտի սկզբից մասամբ հրաժարվել Է մուտքի տոմսերի վճարման «Վճարիր որքան կարող ես»՝ 1977 թվականից գործող սկզբունքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Այո՛, մենք փոխել ենք համակարգը եւ մուտքի վճար ենք սահմանել այցելուների մի մասի համար»,-ասել Է նա: «Վճարիր որքան կարող ես» ավելի վաղ գործող համակարգն այսուհետեւ տարածվում Է միայն Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Քոննեքթիքութի նահանգների ուսանողների, ինչպես նաեւ Նյու Յորքի նահանգի բոլոր բնակիչների վրա: Մյուս նահանգներից զբոսաշրջիկները եւ օտարերկրացիները պետք Է պարտադիր կարգով վճարեն թանգարան այցելելու համար. չափահասները՝ 25 դոլար, թոշակառուները՝ 17 դոլար: Մինչեւ 12 տարեկան երեխաները կկարողանան թանգարան այցելել անվճար:

Անվճար այցելության իրավունք ունեն նաեւ թանգարանային հանրակցության անդամները, որոնք թանգարանին տարեկան ֆինանսական աջակցություն են ցուցաբերում 80 դոլարից մինչեւ 600 դոլարի չափով եւ «թանգարանի հովանավորները», այսինքն նրանք, ովքեր թանգարանին աջակցություն են ցուցաբերում տարեկան 1200 դոլարից մինչեւ 3500 դոլար գումարով:

Ինչպես հայտնել Է թանգարանի վարչակազմը, ամբողջ արժեքով ձեռք բերված տոմսերը երեք օրվա ընթացքում ուժի մեջ կլինեն թանգարանի բոլոր երեք շենքերն այցելելու համար, որոնք գտնվում են Մանհեթենի կենտրոնի Հինգերորդ ավենյուում, Մեդիսոն-ավենյուում եւ Մանհեթենի հյուսիսում՝ Հուդզոն գետի ափին: Նյու Յորքի մունիցիպալիտետի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Թոմ Ֆինքելփեռլի կարծիքով՝ նոր քաղաքականությունը «թանգարանին կայուն հիմք կտա տարբեր ծրագրեր շարունակելու համար»:

Մետրոպոլիտեն-թանգարանն ստեղծվել Է 1870 թվականին եւ այժմ խոշորագույնն Է ԱՄՆ-ում: Դրա հավաքածուներում կան արվեստի շուրջ 2 մլն ստեղծագործություններ՝ հին Եգիպտոսի, Հունաստանի եւ Հռոմի ժամանակներից մինչեւ արդի արվեստ: Տարեկան թանգարան Է այցելում մոտավորապես 7 մլն մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում