Ադրբեջանն ամեն օր եւ ամեն ժամ էլ իրականացնում է հայատյաց քաղաքականություն. Նաիրա Զոհրաբյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ հայերի դեմ ուղղված ադրբեջանական քաղաքականության մասին, նախեւառաջ, պետք է բարձրաձայնել միջազգային հարթակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից հեղինակված «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:
«Մենք այսօր հարգեցինք սումգայիթյան զոհերի հիշատակը, եւ բնական է, որ որեւէ հարց չի կարող լինել այստեղ, սակայն ցանկանում եմ այլ հարցի մասին խոսել: Ես կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք այս հիբրիդային պատերազմի ժամանակ մեր խորհրդարանական դիվանագիտության մարտավարությունը. իհարկե, այս լսումները եւս շատ կարեւոր են, սակայն ինձ համար առնվազն հասկանալի չէ գալ այս ամբիոնից հոխորտալ, մատ թափ տալ Ալիեւի վրա: Սա ինձ հիշեցնում է Քաջ Նազարի թախտի տակից արած հոխորտանքները: Այդ ամեն ինչը դրսերում պետք է անենք, կարողանանք ճիշտ աշխատեցնել Ազգային ժողովը, Արտաքին գործերի նախարարությունը, Սփյուռքի հետ միասնության ներուժը, ճիշտ աշխատել միջազգային կառույցների հետ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ամեն օր եւ ամեն ժամ իրականացնում է հայատյաց քաղաքականություն, եւ այս պարագայում, թեպետ ցանկացած հարթակ կարեւոր է հարցը բարձրաձայնելու համար, այնուամենայնիվ, Ազգային ժողովի հարթակը պետք է լինի վերջին հարթակը, որտեղ նման հարցը պետք է բարձրացվի: