Պաշտոնական

Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը Արա Բաբլոյանի անունից կազմակերպվել է ընդունելություն

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը Արա Բաբլոյանի անունից կազմակերպվել է ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի պարոն դեսպան, հարգելի գործընկերներ,

դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք,

ելույթս ցանկանում եմ սկսել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան պարոն Տողանյանին` միջոցառումն այս հոյակապ առանձնատանը կազմակերպելու համար, որի 200-ամյա պատմությունը կապված է հայ եւ ռուս ժողովուրդների պատմության հետ:

Հայ երեխաներին կրթելու ազնիվ նպատակի համար կառուցված այս շենքը հետագայում դարձավ ռուսական արեւելագիտության կարեւորագույն կենտրոններից մեկը, միաժամանակ` հայ մշակույթի կենտրոն: Եվ, վերջապես, անկախություն ձեռք բերելուց հետո Ռուսաստանում հայության այս օջախում հանգրվանեց Հայաստանի դեսպանատունը:

Սիրելի բարեկամներ,

ցանկանում եմ առանձնակի ընդգծել Ռուսաստանում հայ համայնքի դերը, որը նպաստում է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը: Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետեւողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում:

Այսօր Պետական դումայում Վյաչեսլավ Վոլոդինի հետ ներկա եղանք ցուցահանդեսի բացմանը` «Միասին» խորհրդանշական խորագրով: Հայ եւ ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով եւ զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է մեր եղբայրությունը:

Մենք միասին ենք եւ դարերով միասին կլինենք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում