Պաշտոնական

Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի. Արմեն Աշոտյան

2 րոպեի ընթերցում

Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Արարատ Զուրաբյանը: Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա գերակայությունները, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի առավել ամրապնդման հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Այս համատեքստում կարեւորվել է միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ակտիվացումը, մասնավորապես փոխգործակցության աշխուժացումը ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմերի հետ հարաբերություններից: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկեցության գոտի:

Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական կողմը մեծապես կարեւորում է խորհրդարանական մակարդակում Վրաստանի հետ առավել համագործակցային հարաբերությունների խթանումը: Կողմերը հանձնաժողովների մակարդակում հանդիպումներն առավել հաճախակի դարձնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը մի շարք առանցքային ոլորտներում փորձի փոխանակման խթան կհանդիսանա, մասնավորապես տնտեսական զարգացմանը, ժողովրդավարությանն ուղղված բարեփոխումներին, ԵՄ ինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած փորձին վերաբերող հարցերում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում