ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին առաջարկեց համապետական ընտրությունների ռեյտինգային համակարգը վերացնելու իրենց նախաձեռնության շուրջ կոնսենսուս ձևավորել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորը հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու և պարզ, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծ, որի քննարկումը հանձնաժողովում հետաձգվել է:
«Մենք իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ մեր գործընկերներին կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը և այս հարցի շուրջ կոնսենսուս ձևավորել, հատկապես, երբ կուսակցության Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն են տեսնում»,- ասաց Զոհրաբյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգվել է, սակայն հարցն օրակարգում է և առաջիկայում քննարկվելու է: