Տարածաշրջանային

Իրանը հորդորել է Թուրքիային դադարեցնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը

2 րոպեի ընթերցում

Իրանը հորդորել է Թուրքիային դադարեցնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանը դատապարտել է սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին ընդգծել է, որ ներքին պատերազմի հետևանքով մասնատված Սիրիայում թուրքական կողմի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողությունն ավելի կմեծացնի լարվածությունը երկրում: «Թուրքիան պետք է դադարեցնի գործողություններն ու հարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քասեմին:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում