Տարածաշրջանային

Աֆրինի իշխանությունները կոչ են արել միջազգային կառույցներին կանգնեցնել Թուրքիային

2 րոպեի ընթերցում

 Աֆրինի իշխանությունները կոչ են արել միջազգային կառույցներին կանգնեցնել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Մասնավորապես, Աֆրինի իշխանությունները կոչ են արել Միացյալ Նահանգներին, Եվրամիությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի անդամներին «անմիջապես միջամտել՝ դադարեցնելու Թուրքիայի հարձակումը»:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մինչ օրս խոստովանել է 9 թուրք զինվորի կորուստ: Քրդական կողմի համոզմամբ՝ թուրքական զինուժի կորուստները շատ ավելի են:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում