Միջազգային

Յոհանես Հանը խոսել է մինչև 2025 թվականը Մոնտենեգրոյի ու Սերբիայի` ԵՄ-ին անդամակցության մասին

2 րոպեի ընթերցում

Յոհանես Հանը խոսել է մինչև 2025 թվականը Մոնտենեգրոյի ու Սերբիայի` ԵՄ-ին  անդամակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կարծում է, որ Մոնտենեգրոն ու Սերբիան ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում գրանցել են առաջընթաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին ասել է «Spiegel»-ին տված հարցազրույցում:

«ԵՄ-ի ընդլայնումն ինչ-որ ձևով մրցավազք է: Ներկայում Մոնտենեգրոն ու Սերբիան այլ երկրներից առաջ են գտնվում: ԵՄ-ն սկսել է այդ երկրների հետ պաշտոնական երկխոսությունը: Զուտ տեսականորեն, այս երկրները կարող են 2025 թվականին անդամակցել ԵՄ-ին, բայց պայմանով, որ կիրականացնեն բոլոր պահանջները»,-ասել է նա: Միաժամանակ, Յոհանես Հանը հիշեցրել է, որ երկիրը չի կարող միանալ, քանի դեռ այն չի կարգավորել իր հարցերը հարևանների հետ:

Յոհանես Հանը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է առաջիկայում տալ երաշխավորագիր Ալբանիայի և Մակեդոնիայի հետ բանակցություններ սկսելու համար:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը 2017 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ իր կարծիքով, Սերբիան և Մոնտենեգրոն Եվրամիությանը կանդամակցեն մինչև 2025 թվականը: Ներկայում ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկրներն են Մոնտենեգրոն, Սերբիան, Թուրքիան, Ալբանիան և Մակեդոնիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում